Շաբաթ, 20.04.2024, 15:56
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Օրգագանակն համակարգեր

ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
30.08.2011, 15:27




ՍԻՐՏ


Սիրտը կրծոսկրի հետևում տեղակայված մկանային խոռոչավոր օրգան է, որը մղում է արյունն ամբողջ մարմնով։ Սիրտը բաժանվում է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։

 

Սրտի մղիչ գործունեությունն ապահովվում է սրտամկանի կծկման շնորհիվ։ Սիրտն ունի իր սեփական էլեկտրական համակարգը, որը կարգավորում է սրտի կծկումների կանոնավորությունը։ Սրտի կծկումների կանոնավորությունն ապահովում է արյան անընդհատ հոսքը։ Սիրտն ունի փականային համակարգ, որի շնորհիվ ապահովվում է արյան հոսքը մեկ ուղղությամբ: Փականային համակարգը խոչընդոտում է արյան հետհոսքը։

 

Սրտամկանը թթվածնի և սննդանյութերի անդադար մատակարարման կարիք ունի։ Սրտամկանը սնուցող անոթները կոչվում են պսակաձև անոթներ։

ԱՐՅՈՒՆԱՏԱՐ ԱՆՈԹՆԵՐ


Արյունատար անոթներն են զարկերակները, երակները, մազանոթները։ Զարկերակներով արյունը սրտից մղվում է դեպի մարմնի բոլոր հյուսվածքները։ Խոշոր զարկերակները բաժանվում են ավելի ու ավելի փոքր տրամագիծ ունեցող զարկերակների, որոնք վերածվում են մազանոթների։

Մազանոթները մանր անոթներ են, որոնց պատի միջով կատարվում է թթվածնի ու սննդանյութերի անցումն արյունից բջիջներ և ածխաթթու գազի ու նյութափոխանակության արգասիքների անցումը բջիջներից արյան մեջ։ Մազանոթները միանալով, կազմում են երակներ, որոնք, իրենց հերթին միանալով, առաջացնում են ավելի խոշոր երակներ։ Երակներով արյունը մարմնի տարբեր մասերից հոսում է դեպի սիրտ։

ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ


Արյունը շրջանառում է արյան մեծ և փոքր շրջաններով (նկ. 2.6)։ Արյան շրջանառության մեծ շրջանն ապահովում է հյուսվածքներին թթվածնով հարուստ արյունով։ Արյան շրջանառության փոքր շրջանում արյունը հարստանում է թթվածնով և ազատվում ածխաթթու գազից։ Արյան շրջանառության մեծ շրջանում թթվածնով հարուստ ալ կարմիր արյունը սրտի ձախ կեսից զարկերակներով մղվում է դեպի մարմնի բոլոր հյուսվածքները։

Մազանոթներով հոսող արյան և հյուսվածքների բջիջների միջև տեղի է ունենում նյութափոխանակություն։ Թթվածնով աղքատ, մուգ կարմիր արյունը երակներով վերադառնում է սրտի աջ կեսը։ Արյան շրջանառության փոքր շրջանում սրտի աջ կեսից թթվածնով աղքատ արյունը թոքային զարկերակներով մղվում է դեպի թոքեր, որտեղ արյունը հարստանում է թթվածնով և, թոքային երակների միջոցով անցնելով սրտի ձախ կես, կրկին սկսում է իր շրջանը։

ԱՆՈԹԱԶԱՐԿ

Սրտի կծկման ժամանակ արյան հարվածային ալիքը տարածվում է զարկերակների պատերով։ Դա կոչվում է անոթազարկ (պուլս), որը կարելի է շոշափել մակերեսային զարկերակների վրա, օրինակ՝ պարանոցի շրջանում (քնային զարկերակի վրա), դաստակին (ճաճանչային զարկերակի վրա)։ 
Հանգիստ վիճակում մարդու սրտի կծկումների հաճախականությունը կազմում է՝

  • չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 60-80 զարկ,
  • 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 80-110 զարկ,
  • ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 120-140 զարկ։

 

Սրտանոթային համակարգի խաթարման պատճառ կարող են լինել սրտանոթային հիվանդությունները, կրծքավանդակի վնասվածքները, ուժեղ արյունահոսությունը, էլեկտրական հարվածը և այլն։ Այս վիճակները կարող են հանգեցնել սրտի կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է, քանի որ դադարում է մարմնի բոլոր բջիջներին թթվածնի մատակարարումը։ Սրտի կանգն իր հերթին անխուսափելիորեն բերում է շնչառության կանգի։

 

ԱՐՅՈՒՆ


Արյունը կազմում է մարմնի զանգվածի 7-8%-ը։ Սովորաբար միայն արյան մի մասն է շրջանառում։ Մյուս մասը գտնվում է արյունը պահեստավորող օրգաններում՝ լյարդում, փայծաղում, մաշկում, թոքերում։ Այդ արյունը շրջանառության մեջ է մտնում ակտիվ ֆիզիկական աշխատանքի ժամանակ, արյան կորստի կամ այլ դեպքերում։ Արյունը բաղկացած է հեղուկ մասից ու ձևավոր տարրերից։ Հեղուկ մասը կոչվում է պլազմա։ Արյան ձևավոր տարրերն են արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտներ), արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ) և արյան թիթեղիկները (թրոմբոցիտներ)։

 

Պլազման կազմում է արյան ծավալի մոտ 55%-ը։ Այն հիմնականում բաղկացած է ջրից, որտեղ լուծված են սպիտակուցներ և այլ օրգանական նյութեր, աղեր։

 

Արյան կարմիր բջիջները պարունակում են հեմոգլոբին, որը կապում և տեղափոխում է թթվածինը։ Հեմոգլոբինով է պայմանավորված արյան կարմիր գույնը։ Թթվածնով հարուստ արյունն ունի վառ կարմիր, իսկ թթվածնով աղքատ արյունը՝ մուգ կարմիր գույն։

 

Արյան սպիտակ բջիջները մտնում են մարմնի իմուն համակարգի կազմի մեջ։ Դրանք պաշտպանում են օրգանիզմը մանրէներից, օտարածին մասնիկներից և այլ նյութերից։

 

Արյան թիթեղիկներն անոթի պատի վնասման դեպքում մասնակցում են արյան մակարդմանը, նպաստում են խցանի (թրոմբ) առաջացմանը և կանխում հետագա արյունահոսությունը։



Մեկնաբանություն: Օրգագանակն համակարգեր | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 7600 | Բեռնումներ: 0 | Մեկանաբանություններ: 3 | Գնահատականը: 3.5/6
Միայն մեկանբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Կոդ *:

Մուտքի Ձևը

Կատեգորիական Բաժին

Մարդ անատոմիա [0]
Նյարդային համակարգ [2]
Օրգագանակն համակարգեր [8]
Հիվանդություններ [11]
Վիտամիններ [5]
Դեղագործություն [3]
Գենետիկա [5]
Վիռուսներ [3]
Ֆիլմեր [3]

Մենք Ֆեյսբուքում

Պարգևեք Կյանք

Որոնել

Մեր Հարցումը

Գնահատեք կայքը
Միայն պատասխանները: 542

Ժամ

Sape

Վիճակագրություն


Ընդհանուր օնլայն 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0




Copyright MyCorp © 2024
Создать бесплатный сайт с uCoz