Վիրուսներ - Վիռուսներ - Կատալոգ Ֆայլեր - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:49
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » Ֆայլեր » Վիռուսներ

Վիրուսներ
03.09.2011, 11:23



Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրէները հայտնաբերել չէր հաջողվում: 

Միայն 1892 թ-ին ռուս գիտնական Դ.Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն «վիրուս» (թույն) բառով: Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և պարզվել է, որ ամենապարզ վիրուսը գալարաձև ոլորված, թաղանթապատ մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է գոյության 2 ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացող ձևից անցնում բազմացողի: 

Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն թափանցում բջջի մեջ, և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ` առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ: Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան բջիջների մեջ ու ախտահարում դրանք: Կենդանի բջջից դուրս վիրուսների կենսագործունեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի օրգանիզմների նման, օժտված են ժառանգականությամբ: Նրանք կարող են փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին:

Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են:

Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց շնորհիվ XX դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967թ-ին դրանք առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և Մ. Կուլյանը (ԱՄՆ):

Հաջողվել է նաև կշռել ու չափել վիրուսը, պարզել նրա քիմիական բաղադրությունը, բազմացման օրինաչափությունները, բնության մեջ զբաղեցրած տեղն ու դերը հիվանդությունների առաջացման գործում, ինչպես նաև մշակել վիրուսային վարակների (որոնց շրջանակը շատ ընդարձակվել է) դեմ պայքարի արդյունավետ եղանակներ: Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն վիրուսային հիվանդությունների մեծամասնության դեպքում կարելի է պատվաստումներ կատարել. վիրուսի թուլացրած շտամի հիմքի վրա պատրաստած վակցինան ներմուծվում է մարդու օրգանիզմ, և, որպես պատասխան այդ ներգործության, մշակվում են հակամարմիններ, որոնք պայքարում են տվյալ վիրուսային հիվանդության հարուցչի դեմ: 

Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ  պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարնախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում:

Վիրուսներն իրենց կառուցվածքով միջանկյալ տեղ են զբաղեցնում բարդ քիմիական նյութերի (պոլիմերներ, մակրոմոլեկուլներ) և պարզագույն օրգանիզմների (բակտերիաների որոշ ձևեր, ռիկետսիաներ, քլամիդներ) միջև: Ամենախոշոր վիրուսը (ծաղիկ հիվանդության) չափերով մոտ է ոչ խոշոր բակտերիաներին, ամենափոքրերը (գլխուղեղի բորբոքման, պոլիոմիելիտի, դաբաղի հարուցիչները)՝ խոշոր սպիտակուցային մոլեկուլներին (օրինակ՝ արյան հեմոգլոբինի մոլեկուլին): Այսինքն՝ կան հսկա և թզուկ վիրուսներ: Վիրուսների չափերը տատանվում են 15–300 նանոմետրի (նանոմետրը միլիմետրի միլիոներորդ մասն է) սահմաններում:  

Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ վիրուսները պարունակում են նաև ածխաջրեր, ճարպեր, որոշ վիրուսներ՝ նաև ֆերմենտներ:


Մեկնաբանություն: Վիռուսներ | Ավելացված է: Vahe
Դիտումներ: 2069 | Բեռնումներ: 0 | Մեկանաբանություններ: 1 | Գնահատականը: 5.0/2
Միայն մեկանբանությունները: 1
1 SLOVE   (04.12.2012 15:06)
LAVN ER APREQ

Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz