Քնի խանգարումները - 5 Сентября 2011 - Armenian Medicine
   
Կիրակի, 11.12.2016, 16:50
Բարև Ձեզ Гость
Գլխավոր | Գրանցվել | Մուտք
Բժշկություն
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 5 » Քնի խանգարումները
12:29
Քնի խանգարումները






Քունն օրգանիզմի երկու կարևոր վիճակներից է։ Յուրաքանչյուրս մեր կյանքի մոտ 2/3-ը անց ենք կացնում արթուն վիճակում, իսկ 1/3-ը՝ քնած։

Չնայած որոշակի նվաճումներին ու ձեռքբերումներին քնի ուսումնասիրման ոլորտում, մինչ օրս մնում է բավական խորհրդավոր և «մոգական»։ Ի շնորհիվ էլեկտրաուղեղագրության (ԷՈՒԳ) և սոմնոգրաֆիայի մեթոդների պարզվել է, որ քունը միատարր երևույթ չէ։ Մարդը քնում է որոշակի ֆրագմենտներով, որոնք կոչվում են ցիկլեր։ Յուրաքանչյուր ցիկլը բաղկացած է երկու փուլից՝ դանդաղ և արագ քնից, որոնք հաջորդում են մեկը մյուսին, ընդհանուր առմամբ քնի ընթացքում դրսևորվելով 4-6 ցիկլով։ Դանդաղ քունը (ֆազան) կազմում է քնի տևողության մոտավորապես 75%-ը, արագը՝ 25%։

Դանդաղ քունն այդպես է կոչվում՝ ի շնորհիվ ԷՈՒԳ-ի դանդաղ ակտիվության, վեգետատիվ գործունեության նվազման, պուլսի դանդաղման, զարկերակային ճնշման նվազման։ Սա չափազանց կարևոր շրջան է (փուլ է), որը հնարավորություն է ընձեռում օրգանիզմին ուժ և էներգիա կուտակել անաբոլիկ պրոցեսների ակտիվացման հետևանքով։


Արագ քունն այնքան արտասովոր է, որ հաճախ կոչվում է պարադոքսալ քուն։ Ուղեղում այս փուլի ընթացքում գրանցվում է ռիթմիկ ակտիվություն, տեղի են ունենում ակնագնդերի արագ շարժումներ, մկանների լարվածությունն ավելի է նվազում։ Դիտվում են վեգետատիվ և էնդոկրին «փոթորիկներ»՝ տատանվում է արյան ճնշումը, շնչառությունը, սրտի կծկումների հաճախականությունը, վերջապես, հենց այս փուլում է, որ տեսնում ենք երազներ։ Երազներն իրականության և երևակայության արգասիք են, երբևէ վերապրածի և, կարծես թե, երբեք չճանաչածի համադրություն են, դրանք մեր շփումներն են անգիտակցական ոլորտի հետ։ Մարդն այդ ժամանակ լուծում է փնտրում իր համար արդիական և նշանակալից պրոբլեմների համար։


Արագ քնի ընթացքում մարդը լուծում է նաև ստեղծագործական խնդիրներ։ Դա են վկայում բազմաթիվ դեպքերը, երբ ստեղծագործողը կամ գիտնականն իրեն հուզող խնդիրների լուծումը գտել է քնի մեջ։

Քնի և արթուն վիճակի փոխհարաբերություններից ելնելով մարդիկ բաժանվում են «արտույտների» և «բուերի», ովքեր հարմարված են ավելի վաղ կամ ավելի ուշ աշխատանքի, ակտիվության, ինչպես նաև «աղավնիների», որոնք որևէ կախվածություն չունեն այդ հարաբերություններից և հեշտությամբ հարմարվում են թե՛ գիշերային, և թե՛ ցերեկային ակտիվությանը։


Հոգեկան ակտիվության ապահովման տեսակետից քունը չափազանց կարևոր գործոն է, քանի որ անքնությունը բերում է այնպիսի հոգեկան հյուծվածության (դյուրագրգռություն, քնկոտություն, սոցիալական և մասնագիտական դեզադապտացիա), ինչը չի դիտվում անգամ ամենածանր ֆիզիկական լարվածության ընթացքում։

Քնի խանգարման հիմնական ախտանիշները հետևյալն են՝ քուն մտնելու և արթնանալու խանգարում, քնի զգացողության կորուստ, քնի տևողության խանգարում, ընդմիջվող քուն, քնի խորության խանգարում, երազներ, լուսնոտություն (սոմնամբուլիզմ), քունարթմնի ռեժիմի խանգարում։

Քնի խանգարումները շատ բազմազան են, չնայած, սովորաբար, բոլորն էլ կոչում ենք անքնություն։ Համաձայն ՀՄԴ-10-ի՝ «քնի խանգարումներ» (ինսոմնիա) հասկացությունը ընդգրկում է քնի քանակի, որակի և տևողության խանգարումները, որոնք իրենց հերթին կարող են բերել քնկոտության ցերեկային ժամերին, ուշադրության կենտրոնացման խանգարումների, հիշողության թուլացման, տագնապայնության։ Հարկ է նշել, որ քնի խանգարումները, հիմնականում, երկրորդային բնույթ են կրում, և հաճախ արտահայտում են մարդու հոգեկան անհանգստությունը, հիմնականում՝ տագնապն ու դեպրեսիան, որոնք հիվանդը կարող է անգամ չգիտակցվել։ Բացի այդ, քնի խանգարումները որոշակի առումով, տարիքային պրոբլեմ են. մարդիկ կարող են վատ քնել ցանկացած տարիքում, պարզապես նախածերունական և ծերունական տարիքում այն հանդիպում է ավելի հաճախ։ Քնի խանգարումները բնորոշ են նաև հոգեբանական որոշակի վիճակների, որոնք ընթանում են կյանքի իմաստազրկմամբ։ Անկասկած, քնի խանգարումները կապված են մարմնական հիվանդությունների հետ, հատկապես՝ քրոնիկական ցավերով ընթացող հիվանդությունների։

Քնի խանգարումներն ամենահաճախ հանդիպող խանգարումներից են։ Այսպես, գրեթե յուրաքանչյուր մարդ (90%) կյանքում գեթ մեկ անգամ տառապել է անքնությունից։ Իսկ մարդկանց 1/3-ը «կարոտ է» բավարար և լավ քնի։ Քնի խանգարում ունեցողների 60%-ը գանգատվում են քուն մտնելու խանգարումից, մոտ 20%-ը՝ արթնանալու, մնացած 20%-ը՝ զանազան խանգարումներից։

Քնի խանգարումների ժամանակ խախտվում են քնի բոլոր փուլերն ու բաղադրիչները։ Ըստ ՀՄԴ-10-ի՝ դրանք ընդգրկում են խանգարումների երկու մեծ խումբ՝ դիսսոմնիա և պարասոմնիա։։ Դիսսոմնիաներն առաջնային փսիխոգեն վիճակներ են, որոնք բնութագրվում են քնի քանակի, որակի և տևողության հուզականորեն պայմանավորված խանգարումներով, այսինքն՝ ինսոմնիա, հիպերսոմնիա և քուն-արթմնի ռեժիմի խանգարում։ Պարասոմնիա տերմինով առանձնացվում են քնի ընթացքում առաջացած ոչ նորմալ էպիզոդիկ վիճակները՝ սոմնամբուլիզմ, գիշերային սարսափներ, մղձավանջներ։ Նշված անօրգանական բնույթի քնի հոգեծին խանգարումներից բացի, ՀՄԴ-10-ը առանձնացնում է նաև օրգանական բնույթի քնի խանգարումներ՝ նարկոլեպսիա, կատալեպսիա, քնի ապնոէ։

Դիտումներ: 1311 | Ավելացված է: Vahe | Գնահատականը: 5.0/1
Միայն մեկնաբանությունները: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2016
Создать бесплатный сайт с uCoz