Մարսողական խողովակն այն ճանապարհն է, որով անցնում է սնունդը։ Այստեղ սնունդը ենթարկվում է մեխանիկական և քիմիական մշակման։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ արտազատվում են մարսողական հյութեր, որոնք նպաստում են սննդի մարսմանը։
Մարսողական համակարգը սկսվում է բերանի խոռոչից, որտեղ սնունդն ատամների և թքի միջոցով ենթարկվում է առաջնային մշակման։ Կիսամշակված սնունդը բերանից անցնում է ըմպան, իսկ հետո կերակրափողի միջով՝ ստամոքս։ Ստամոքսը մարսողական խողովակի լայնացած մասն է, որտեղ տեղի է ունենում սննդի հետագա մշակումը։ Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որտեղ այն շարունակում է մշակվել։ Այստեղ սննդանյութերը ներծծվում են արյան մեջ։ Բարակ աղիներին հաջորդում են հաստ աղիները, որտեղ արդեն մշակված զանգվածից ներծծվում են ջուրը և անօրգանական աղերը։ Մարմնի համար թափոն նյութերը արտաթորանքի ձևով դուրս են բերվում ուղիղ աղիով, որն ավարտվում է հետանցքով։
Մարսողությանը նպաստում են մարսողական գեղձերը։ Օրինակ՝ լյարդը և ենթաստամոքսային գեղձն արտազատում են նյութեր, որոնք նպաստում են սննդի մարսմանը։ Լյարդը նաև վնասազերծում է թունավոր նյութերը, որոնք որոշ քանակով առկա են սննդի մեջ և նրա հետ ներծծվում են արյան մեջ։
|