Վիտամին P (բիոֆլավոնոիդների խումբ)
Սա նյութերի մի խումբ է, որը մեր օրերում այլևս չի ընկալվում որպես վիտամին, քանի որ օրգանիզմը կարող է այն ինքնուրույն արտադրել։ Վիտամին P-ն բարձրացնում է մազանոթների դիմադրողականությունն ու իջեցնում դրանց թափանցելիությունը։
Ֆունկցիոնալ առումով վիտամին P-ն սերտորեն կապված է վիտամին C-ի հետ և վերջինիս հետ մասնակցում է օրգանիզմի օքսիդա-վերականգնման գործընթացներին։ Վիտամին P-ով հարուստ են կիտրոնը, նարինջը, սև հաղարջը, պղպեղը, հնդկաձավարը, կաղամբը, հազարը, լոլիկը, խաղողը, փեգենան, մասուրը, մորին, կանաչ թեյը և այլ մթերք։ Մարդու օրգանիզմի համար վիտամին P-ի օրական պահանջը կազմում է 25-50 մգ.։
Վիտամին PP (նիացին, նիկոտինաթթու).
Նիացինը մտնում է այն ֆերմենտների կազմի մեջ, որոնք մասնակցում են բջջային շնչառությանը և այն սպիտակուցների նյութափոխանակությանը, որոնք կարգավորում են նյարդային և աղեստամոքսային համակարգերի բնականոն գործունեությունը։ Նիացինն օգտագործվում է պելլագրայի կանխարգելման և բուժման, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, դանդաղ լավացող վերքերի ու խոցերի, ինչպես նաև աթերոսկլերոզի բուժման ժամանակ։
Նիացինի գերդոզավորման կամ վերջինիս հանդեպ օրգանիզմի անհատական գերզգայունության պարագայում կարող է առաջանալ դեմքի և կրծքավանդակի շրջանի կարմրություն, գլխապտույտ և եղնջատենդ։ Ներերակային արագ ներարկման ժամանակ հնարավոր է զարկերակային ճնշման կտրուկ իջեցում։
Չափահաս մարդկանց օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին PP-ի օրական պահանջը կազմում է 14-140 մգ., հղի կանանց և կերակրող մայրերի համար` 19-21 մգ., մինչև մեկ տարեկան երեխաների համար` 5-7 մգ.։ Վիտամին PP-ն մարդու օրգանիզմում կարող է արտադրվել սպիտակուցների բաղադրության մեջ մտնող և անփոխարինելի համարվող տրիպտոֆան ամինաթթվից։
Վիտամին PP-ն բավականին ջերմակայուն է։ Պետք է հաշվի առնել, որ հացահատիկում և, հատկապես, եգիպտացորենի մեջ նիացինը գտնվում է շատ խորը շերտերում, ու վիտամինների մի զգալի քանակություն հասանելի է դառնում միայն ինտենսիվ ջերմային մշակումից հետո, ինչը, սակայն, բնորոշ չէ ընդավորների և կենդանական ծագման մթերքի համար։
Վիտամին PP-ի մեծ պաշարներ կան կենդանական մսում, լյարդում, երիկամներում, ձվում և կաթում։ Վիտամին PP կա նաև խոշոր աղացման ալյուրից պատրաստված հացամթերքում, հնդկաձավարում, ընդավորներում, ինչպես նաև սնկերում։