Վիտամինները տարբեր կառուցվածք ունեցող օրգանական միացություններ են: Դրանք հայտնաբերվել են 19-րդ դարում ռուս բժիշկ Ն.Ի.Լունինի կողմից: Վիտամինների անվանումն առաջարկել է լեհ գիտնական Կ.Ֆունկը:
Հայտնի են շատ վիտամիններ, դրանք նշանակվում են լատինական այբուբենի մեծատառերով` A1, A2,B1, B2, B6, B12, C, D, E, H և այլն: Դրանց մի մասը, օրինակ` B խմբի և C վիտամինները լուծվում են ջրում: Կան նաև ճարպերում լուծվողներ: Վիտամինները փոքր մոլեկուլներ են:
Վիտամինները շատ փոքր քանակներով մասնակցում են սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների և այլ նյութերի փոխանակությանը, տարբեր նյութերի փոխադրմանը, մտնում որոշ սպիտակուցների, այդ թվում` ֆերմենտների, կամ հորմոնների կազմության մեջ:
Նրանք ապահովում են մարդու աճը, խթանում էրիթրոցիտների առաջացումը, մասնակցում արյան մակարդմանն, անհրաժեշտ են նաև որոշ այլ ֆունկցիաների համար: Վիտամինները նպաստում են, օրինակ, վերքերի ապաքինմանը: Սակայն վիտամինները չեն հանդիսանում նյութերի սինթեզման կամ էներգիայի աղբյուր: Շատ վիտամիններ մարդը ստանում է սննդի միջոցով: Բոլոր վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը նույնը չէ. Այն տարբեր է նաև երեխաների և հասուն մարդու համար: Վիտամիններով հարուստ են խմորասնկերը, ձավարեղենը, տարբեր պտուղներ, կաղամբը, կարտոֆիլը, ձկան յուղը և խավիարը, թռչունների ձվի դեղնուցը, կենդանիների լյարդը, կաթնամթերքները և այլն: Կան նաև վիտամինային պատրաստուկներ:
Աղիներում վիտամինների կլանումը կատարվում է սպիտակուցների և տարբեր այլ գործոնների օգնությամբ: Արդեն հայտնի են հատուկ փոխադրիչներ, որոնք վիտամինները հասցնում են հյուսվածքներ:Սակայն որոշ վիտամիններ սինթեզվում են մարդու օրգանիզմում:
Վիտամինների պակասի դեպքում զարգանում են տարբեր հիվանդություններ, որոնցից լավ ծանոթ են լնդախտը. Հավկուրությունը, բերի-բերին, չարորակ սակավարյունությունը, ռախիտը, մաշկային հիվանդությունները, մազաթափությունը և այլն: Դրանք նյութափոխանակության խանգարումներն են:
|