Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի Մարգարեթ թագուհու համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ սարսափ ֆիլմեր դիտելուց հետո ձախլիկների մոտ նկատվում են հետվնասվածքային սթրեսին բնորոշ ախտանշաններ։ Այս մասին գրում է The Telegraph պարբերականը։
Հետազոտությունների ընթացքում կամավորներին առաջարկվել է դիտել «Գառների լռությունը» հայտնի ֆիլմի վերջին 8 րոպեանոց հատվածը, ապա՝ վերաշարադրել տեսածը։ Զրույցի ընթացքում ձախլիկ մարդկանց խոսքը եղել է կտրտված, նկատվել են դադարներ ու բազմաթիվ կրկնություններ, ինչը բնորոշ է ուժեղ սթրես ապրողներին։ «Մենք ընտրել ենք հատված ամենալարված թրիլերից, որպեսզի ստուգենք ձախլիկների ռեակցիան, ու պարզել ենք, որ նրանք ավելի զգայուն են, տանջվում են այնպես, կարծես դեպքերի ականատեսն են։
Հետվնասվածքային ախտանշանների առկայությունը ձախլիկների մոտ կրկնակի շատ է նկատվում, քան աջլիկների մոտ»,- պատմել է բժիշկ Կարոլին Շուդխարին։
Ելույթ ունենալով Բրիտանական հոգեբանների միության ամենամյա համաժողովում՝ նա հայտարարել է, որ անկազմակերպ ու կտրտվող խոսքը, վտանգ զգալու բարձրագույն աստիճանի վիճակը կարող են կապված լինել գլխուղեղի աջ կիսագնդի տարբեր ռեակցիաների հետ։ Վիճակագրության համաձայն՝ Երկրագնդի վրա բնակվում է 500 միլիոն ձախլիկ։ Եվրոպայում երեխաների 10 տոկոսը ձախլիկ է։ Նրանք աղմկոտ են, անհամբեր, շփվող։ Ձախլիկները հիմնականում ընտրում են արվեստի հետ կապված մասնագիտություններ, աչքի են ընկնում բռնցքամարտում ու սուսերամարտում։