«Գլխացավ» տերմինն իր մեջ ներառում է գլխի և պարանոցի շրջանում ցավի և դիսկոմֆորտի զգացումը։ Կենցաղում գլխացավ տերմինն օգտագործում են գանգաթաղի շրջանի տհաճ զգայությունների բնութագրման համար։ Գլխացավն ախտանիշ է, ոչ թե հիվանդություն։ Այս ախտանիշի տարածվածության շնորհիվ, անհրաժեշտ է դառնում դրա մեխանիզմի հետազոտությունը։
Գլխացավը հիվանդների հաճախելիության պատճառների մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Գլխուղեղի պարենխիման և գանգի ոսկրային հյուսվածքներն անզգա են ցավի նկատմամբ։ Գլխի մնացած հյուսվածքներն օժտված են ցավային զգացողության ապարատով։ Հատկապես զգայուն են կարծրենու, ոստայնենու և նրբենու զարկերակները։ Դրա համար, փոփոխություններն այդ անոթներում բերում են սուր բութ ցավի առաջացմանը։ Ցավային ազդակները կարող են փոխանցվել գանգուղեղային՝ հատկապես եռորյակ նյարդի թելերի միջոցով։
Կարծրենու սագիտալ և մյուս ծոցերը նույնպես զգայուն են ցավի նկատմամբ։ Ցավը կարող է ի հայտ գալ կարծրենու մանր երակների ձգման ժամանակ։ Գլխացավը կարող է առաջանալ 1-ին, 2-րդ, 3-րդ պարանոցային նյարդերի գրգռման ժամանակ, որն սովորաբար արտահայտվում է պարանոցի և գլխի հետին հատվածի ցավերով։
Գլխացավի ախտածնության հասկացման մեջ սկզբունքորեն նորություն էր, անցյալ դարի երկրորդ կեսին հայտնաբերված, եռորյակ նյարդի թելերով ուղեղային անոթների նյարդավորման փաստը։
Տրիգեմինո-անոթային գործոնն օգնում է թաղանթային և միգրենոզ ցավերի ինտենսիվության և տարածման մեկնաբանմանը, ինչպես նաև պաղպաղակով կամ սառը ջրով սադրված «սառը» գլխացավի մեխանիզմի հասկացմանը։
Գլխացավը կարող է արտացոլել լարվածության կամ հոգնածության վիճակը, մյուս կողմից, այն կարող է լինել լուրջ հիվանդության ազդանշան։ Բոլոր դեպքերում գլխացավը պահանջում է բժիշկների լուրջ ուշադրությունը, երբեմն էլ գլխացավով հիվանդի լրիվ համալիր հետազոտություն։