Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի և գիտակ մարդկանց: Խամրած, կիսափակ կոպերով օտարված հայացքն անտարբերության, հոգնածության կամ ձանձրույթի նշան է, կկոցած աչքերը նշանակում են ուշադրություն, կենտրոնացում, զննում: Նման հայացքը կարող է ընկալվել որպես նենգության ու խորամանկության դրսևորում:
Ուղիղ հայացքը արտահայտում է հետաքրքրություն, վստահություն, սրտաբացություն:
Հոնքերի տակից հայացքը, նաև շեղակի հայացքը նշանակում են անվստահություն, իջեցրած գլխի դեպքում` ագրեսիվություն, մարտակոչ, կքված մեջքի դեպքում` խոնարհություն, ծառայելու պատրաստակամություն:
Երբ զրուցակիցը նայում է վերևից ներքև` գլուխը ետ գցած (վերամբարձ), նշանակում է ցանկանում է իշխել, ղեկավարել:
Խուսափող հայացքը կարող է արտահայտել անվստահություն, համեստություն կամ մեղավորություն:
Ստի յուրօրինակ ալեփոխարկիչ են բիբերը: Երբ մարդը ճըշմարտությունն է ասում, բիբերը ռեֆլեքսորեն լայնանում են, երբ ստում է` սեղմվում են: Փորձեք Ձեր ընտրյալին հարցնել` սիրու՞մ է Ձեզ արդյոք, և նայեք նրա աչքերի մեջ: Ինչ էլ որ պատասխանի, բիբերը ճշմարտությունը կասեն:
Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Նրանք կարող են վկայել նաև հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը: