Նոր ապացույցներ են ստացվել, որ կակաոյի օգտագործումը նվազեցնում է տղամարդկանց զարկերակային ճնշումը, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերը:Հասարակական առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի գիտնականների կողմից իրականացվել են հետազոտություններ, որոնց մասնակցել է 65-ից մինչև 84 տարեկան, խրոնիկ հիվանդություններից զուրկ 470 տղամարդ: Հետազոտությունները մեկնարկել են 1985 թվականին և ընթացել 15 տարի: Առաջին և հետագա այցերի ժամանակ` 5 տարին մեկ անգամ, տղամարդիկ պատասխանել են իրենց սննդակարգին վերաբերող հարցերին, մասնավորպես` կակաո պարունակող սննդամթերք օգտագործելու հաճախականության մասին: Հոլանդացի գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդիկ ամեն օր օգտագործել են գրեթե 2.11 գ կակաո: Մասնակիցների 1/3-ը հետազոտությունները սկսելուց առաջ ընդհանրապես կակաո չէր օգտագործում: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այն տղամարդկանց մոտ, ովքեր կանոնավոր օգտագործում էին կակաո պարունակող սննդամթերքներ, զարկերակային ճնշումը ցածր էր` ի տարբերություն այն տղամարդկանց, ովքեր այդպիսի սնունդ կամ խմիչք չէին օգտագործում: Հետազոտությունների ընթացքում մահացել էր 314 տղամարդ, որոնցից 152-ը` սրտանոթային հիվանդություններից: Պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր առավել հաճախ են օգտագործում կակաո պարունակող սննդամթերքներ, 2 անգամ ավելի քիչ են մահանում սրտանոթային հիվանդություններից, քան նրանք, ովքեր խուսափում են կակաո պարունակող սննդից: Ռիսկի գնահատումն իրականացվում էր` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաշը, ծխելը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, սննդակարգի կալորիականությունը և ալկոհոլի օգտագործման մակարդակը: Ըստ հոլանդացի գիտնականների` սրտի և անոթների համար առավել կաևոր են կակոյի մեջ առկա յուղը և հակաօքսիդանտները: Հակաօքսիդանտները պաշտպանում են հյուսվածքները վնասվելուց, ինչը պայմանավորված է բարձր ակտիվություն ունեցող միացությունների` ազատ ռադիկալների ազդեցությամբ: Չնայած առկա եզրահանգումներին, շատ գիտնականներ կարծում են, որ դա շոկոլադի ազդեցությունն է: "Չոր վիճակում և մեծ չափաբաժնով օգտագործվող կակաոն դժվար է մարսվում օրգանիզմի կողմից: Որպեսզի այն որևէ օգուտ տա, պետք է օրեկան ուտել 100 գ սև շոկոլադ",- հայտարարել է Կետի Ռոսը սրտային հիվանդությունների դեմ պայքարի բրիտանական ֆոնդից: "Դա կնշանակի մոտ 500 կալորիայի և 30% ճարպի օգտագործում, ինչը պարունակվում է 100 գ շոկոլադի մեջ": "Մենք իհարկե մարդկանց չենք առաջարկում հրաժարվել շոկոլադից: Ցանկացած մարդ կարող է ժամանակ առ ժամանակ վայելել դրա համը: Սակայն կան սիրտը լավացնելու ավելի լավ ճանապարհներ",- հայտարարեց Ռոսը:
|