Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 19 » Կերակրի աղը վնասում է ոչ միայն սրտին, այլ նաև` ուղեղին
20:19
Կերակրի աղը վնասում է ոչ միայն սրտին, այլ նաև` ուղեղին
Այն, որ կերակրի աղի մեծ քանակությամբ օգտագործումը վնասում է մարդու սրտին, գիտնականները պարզել էին ավելի վաղ: Սակայն վերջին ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ աղի մեծաքանակ օգտագործումը վնասում է նաև մարդու ուղեղին, փոխանցում է «MEDdaily»-ն:
Շուրջ 1200 մարդու շրջանում եռամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կա կապ աղի օգտագործման, նստակյաց կյանքի ու ճանաչողության խանգարման միջև: Ուսումնասիրության հեղինակը Քէրոլ Գրինվուդը եկել է եզրահանգման` մարդիկ, ովքեր ամենաշատն են աղ օգտագործում և քիչ են մարզվում, ժամանակի ընթացքում սկսել են վատ արձագանքել ճանաչողությունը ստուգող տեստերին: Պարզվել է, որ աղը ազդում է ոչ միայն արյան ճնշման վրա: Այն նաև ազդում է ոսկորների ու ընդհանուր առմամբ սրտի վրա:
Մասնագետները, այդպիսով, խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել աղով հարուստ վերամշակված մթերքները և դրանք փոխարինել մրգերով ու բանջարեղենով: Միևնույն ժամանակ, խորհուրդ է տրվում կոփել մարմինը և ֆիզիկական գործողություններ կատարել, ինչը նպաստում է օրգանիզմից աղի հեռացմանը: