Ըստ հոգեբույժ Եվգենի Բլեյլերի աշխատության, «շիզոֆրենիա» անվան տակ նկարագրվող հիվանդագին վիճակները տարբեր են իրենց բնույթով, ծագումով, եւ նրանց նույն խմբին դասելը պայմանական բնույթ է կրում: Իհարկե, հետագայում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս հիվանդությանը բնորոշ հատկանիշներ նկատվում են նաեւ այլ հոգեկան հիվանդությունների ժամանակ:
Որո՞նք են շիզոֆրենիայի նման ընթացող հիվանդությունները, եւ ինչպե՞ս կարելի է որոշել ախտանիշների պատկանելիությունը:
Մի շարք հոգեկան հիվանդությունների (ինչպիսիք են ալկոհոլային, վարակական, օրգանական, այդ թվում` անոթային, վնասվածքային եւ մի շարք ոչ էնդոգեն ծագման) փսիխոզների ժամանակ հաճախակի նկատվող հոգեկան խանգարումները երբեմն ընթանում են ոչ սովորական ձեւով: Գիտակցության մթագնած կամ չխանգարված վիճակում ի հայտ են գալիս մի շարք ախտանիշներ, որոնք հաճախ նկատվում են շիզոֆրենիայով տառապող անձանց մոտ
.
Կեղծ հալյուցինացիաներ. հիվանդները նշում են, որ նրանց աչքերին երեւացող տեսիլքները ցուցադրվում են ինչ-որ սարքավորումների միջոցով, եւ որ նրանք ցանկանում են ազատվել դրանցից, սակայն վերստին գտնում են իրենց: Երբեմն էլ ցնորքները ներքին` մտավոր տեսողությամբ, ոչ թե իրենցից դուրս, այլ իրենց մեջ` ուղեղի խորքում կամ որովայնի խոռոչում են: Նկատվում են նաեւ լսողական կեղծ ցնորքներ (հիվանդները լսում են տվյալ պահին գոյություն չունեցող ձայներ, ընդ որում` իրենց «գլխի ներսից» կամ ներքին օրգաններից): Հազվադեպ նշում են նաեւ համի, հոտառության եւ շոշափելիքի զգացողության խանգարումներ` կեղծ հալյուցինացիաների ձեւով: Նկատվում են նաեւ աֆեկտիկ խանգարումներ` տրամադրության, մտածողության պրոցեսների ու շարժումների գերակտիվության կամ ընկճվածության ձեւով:
Հիվանդի մոտ նկատվում է հետապնդման զառանցանքների զգացողություն: Նրանց թվում է, թե «թշնամաբար տրամադրված մարդիկ» հիպնոսի կամ տարբեր ուժերի, ճառագայթների, էլեկտրաէներգիայի, բիոհոսանքների միջոցով ազդում են եւ իրենց ենթարկում տանջանքների: Այս զգացողության հետ մեկտեղ՝ նրանց մոտ զարգանում են հոգեկան ավտոմատիզմի երեւույթներ: Այս դեպքում նրանք համոզված են, որ վերը նշված ուժերն ինչ-ինչ մեթոդներով ազդում են նրանց մտածողության ու շարժման պրոցեսների եւ զգայական ֆունկցիաների վրա:
Հիվանդների մոտ նկատվում է շարժման պրոցեսների դանդաղում եւ կարկամում: Հիվանդները դառնում են պակաս շարժուն կամ անշարժ, հարցերին չեն պատասխանում, հրաժարվում են սնվելուց, բժշկական հետազոտության ժամանակ դիմադրում են:
Նման հիվանդների մոտ զգացվում են գիտակցության երազանման խանգարումներ: Նրանց թվում է, թե տվյալ պահին իրենք գտնվում են կռվի դաշտում, որ իրենք են պայքարի կամ կռվի առիթը: Իրենց համարում են մեծանուն գիտնականներ, աշխարհահռչակ արտիստներ, հանդես են գալիս Նապոլեոն Բոնապարտի, Հուլիոս Կեսարի եւ այլ շատ պատմական անձանց դերերում: