Սուրճի օգտագործումը նվազեցնում է շագանակագեղձի մահացու քաղցկեղի առաջացման ռիսկը: ԱՄՆ-ում այս եզրահանգմանն են եկել Հարվարդ համալսարանի բժշկական դպրոցի աշխատակիցները:
Հետազոտությանը մասնակցել են մոտ 50 000 ամերիկացի: 1986 թվականից մինչ 2006 թվականը գիտնականները 4 տարին մեկ անգամ տեղեկություններ են հավաքել այն մասին, թե մանակիցներից յուրաքանչյուրը որքան սուրճ է օգտագործում:
Վերլուծելով ստացված տվյալները, մասնագետները պարզեցին, որ կամավորներից 5 տոկոսի մոտ, ովքեր օրական խմում էին 6 և ավելի բաժակ սուրճ, շագանակագեղձի մահացու քաղցկեղի առաջացման ռիսկը 60 տոկոսով ավելի ցածր է այն մարդկանց համեմատ, ովքեր սուրճ չէին խմում:
Գիտնականները նաև պարզել են, որ շագանակագեղձի մահացու քաղցկեղի առաջացման ռիսկը 20 տոկոսով իջնում է, եթե մարդն օրական խմում է 1-3 բաժակ սուրճ, և 25 տոկոսով` օրական 4-5 բաժակ սուրճ խմելու դեպքում:
Գիտնականները դեռ չեն կարողացել պարզել, թե սուրճի որ բաղադրիչն է իջեցնում վերոնշյալ ռիսկը, սակայն մի բան հաստատ է, որ դա կոֆեինը չէ, քանզի մասնակիցները խմում էին կոֆեին չպարունակող սուրճ:
Նախկինում արված հետազոտությունները որևէ կապ չէին տեսնում սուրճի օգտագործման և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման մեջ:
Հարվարդի մասնագետների կարծիքով, պատճառն այն է, որ նախկինում հետազոտում էին շագանակագեղձի քաղցկեղի ոչ ագրեսիվ տեսակը, իսկ քաղցկեղի զարգացման վաղ փուլում շատ դժվար էր որևէ փոխկապակցվածություն տեսնել:
Հետազոտողներից մեկի` ավագ մաննագետ Քեթրին Ուիլսոնի խոսքերով սուրճը բարձրացնում է ինսուլինի մակարդակն արյան մեջ, ինչպես նաև բարձրացնում է բջիջների զգայունությունն այդ հորմոնի նկատմամբ: Ուիլսոնի խոսքերով սա ևս կապ ունի շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: